UNICEF. Հայաստանի կրթական ռազմավարության առաջխաղացում

Client

UNICEF (The United Nations Children’s Fund)

Հաճախորդի նկարագիրը՝

UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) առաքելությունն է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա ունենա որակյալ կրթության հասանելիություն՝ անվտանգ և ներառական միջավայրում: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են կրթության հասանելիության բարձրացմանը, մատուցվող կրթական ծառայությունների որակի բարելավմանը և ուսումնական միջավայրերի անվտանգության ու զարգացմանը նպաստող պայմանների ապահովմանը:

Մեր թիմը, կիսելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակները, աջակցեց Հայաստանի հանրակրթության ոլորտի վերլուծության հարցում՝ քաղաքականության վերաբերյալ բովանդակալից քննարկումներ խթանելու նպատակով: Բացի այդ, մենք կիրառում ենք ջերմոցային գազերի զրոյական արտանետմամբ բնական սառնագենտային համակարգեր և իրականացնում այլ նորարարական լուծումներ, որոնք ոչ միայն բարելավում են մեր կյանքը, այլև նպաստում են մոլորակի պահպանմանը:

Մարտահրավերը՝

Այս նախագիծը կենտրոնացած էր Հայաստանի կրթության ոլորտի բազմակողմանի վերլուծության և առկա խնդիրների հասցեագրման վրա: Հետազոտության նպատակն էր՝ վեր հանելով առանցքային հարցերը, նախաձեռնել քաղաքականության վերաբերյալ կարևոր քննարկումներ և խթանել ազդեցիկ փոփոխություններ Հայաստանում: Մենք կիրառեցինք համապարփակ մոտեցում՝ ուսումնասիրելով տարբեր հարթություններ, ներառյալ սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական և քաղաքական-ինստիտուցիոնալ համատեքստերը, ինչպես նաև հումանիտար և արտակարգ իրավիճակները, պետական ծախսերը, ընդգրկվածության ցուցանիշները և սոցիալական հավասարությունը:

Դպրոցական կրթության ոլորտում համապատասխան տարիքի տասը երեխայից մեկը ընդգրկված չէր տարրական կամ միջին դպրոցում: Միևնույն ժամանակ, մարզերի քաղաքային բնակավայրերի դպրոցները գերբեռնված էին (փաստացի աշակերտների թիվ / նախագծային հզորություն = 106,3%), իսկ առաջարկը սահմանափակ էր (նախագծային հզորություն / 6-17 տարեկան բնակչություն = 84,7%): Բացի այդ, ավագ դպրոցի տարիքային խմբում առկա էր զգալի գենդերային ճեղքվածք. աղջիկների ընդգրկվածությունը 10 տոկոսային կետով բարձր էր տղաների ցուցանիշից, ինչը փաստում էր, որ տղաներն ավելի քիչ էին հակված շարունակելու կրթությունը բարձրագույն հաստատություններում:

Մեր մոտեցումը՝

Մենք ուսումնասիրել ենք ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական ընդգրկվածությունը: Նախադպրոցական կրթության ոլորտում 3-5 տարեկան երեխաների համախառն ընդգրկվածությունը 2019 թվականին կազմել է 61,6%: Շատ երեխաներ չեն հաճախում նախակրթարան և, ենթադրաբար, տարրական դպրոց են մտնում առանց անհրաժեշտ հմտությունների: Ավելին, նախադպրոցական հաստատությունների առաջարկի ծածկույթը ցածր էր, քանի որ առկա տեղերը կարող էին ապահովել 0-5 տարեկան երեխաների միայն 37,2%-ին:

Բացի ներկա վիճակից, մենք ուսումնասիրել ենք նաև Հայաստանի դպրոցական և նախադպրոցական ոլորտների վրա ազդող հեռանկարները: Մասնավորապես, կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը Հայաստանում նորածինների թիվը կնվազի 14,7%-ով, իսկ նախադպրոցական տարիքի (3-5 տարեկան) բնակչությունը՝ 15,8%-ով: Դպրոցահասակ բնակչության թիվը, ըստ կանխատեսումների, կնվազի 5,9%-ով: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է տարիքային կախվածության գործակցի աճ՝ 2020 թվականի 57,5%-ից մինչև 66,5%՝ 2030 թվականին, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի պետական ռեսուրսների վրա՝ սոցիալական աջակցության աճող պահանջարկի պատճառով:

Մենք նաև դիտարկել ենք կրթական համակարգի կարողությունը՝ ապահովելու ուսումնառության ավարտը: 2012 թվականի այն խմբի համար, որը 9-րդ դասարան է հասել 2020 թվականին, 9-րդ և 1-ին դասարանցիների հարաբերակցությունը կազմել է 92%:

Բացի այդ, մենք ուսումնասիրել ենք կրթության սոցիալական և տնտեսական ազդեցությունները՝ ներկայացնելով համապարփակ պատկեր այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանի կրթական ռազմավարությունը համապատասխանեցնել ազգային տնտեսական և մարդկային զարգացման ավելի լայն նպատակներին: Տվյալների և պատկերացումների այս համադրումը ստեղծեց ամուր հիմք, որի վրա կարող են կառուցվել ազդեցիկ, կայուն և ներառական կրթական ռազմավարություններ ու քաղաքականություններ:

Նկար 1. Դպրոցական պրոֆիլ 1-ից մինչև 9-րդ դասարան, 2012 թվականի խումբ։
Աղբյուր՝ Civitta-ի հաշվարկները

Մանրամասն կանխատեսումները, հատկապես բնակչության թվաքանակի նվազումը և դրա ազդեցությունը կրթության ոլորտի վրա, հեռանկարային հիմք հանդիսացան երկարաժամկետ ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման համար: Բացի այդ, վերլուծությունն անդրադարձել է կրթական լանդշաֆտի վրա տարբեր ճգնաժամերի ունեցած ազդեցությանը, ներառյալ COVID-19 համավարակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Մատուցված ծառայությունները՝

  • Սոցիալ-ժողովրդագրական վերլուծություն. Հայաստանի բնակչության ներկա միտումների և ապագա կանխատեսումների, ինչպես նաև կրթության ոլորտի վրա դրանց ունեցած ազդեցության ուսումնասիրություն:
  • Հումանիտար և արտակարգ իրավիճակների համատեքստի վերլուծություն. Այնպիսի գործոնների դիտարկում, ինչպիսիք են մանկական աղքատությունը, հաշմանդամությունը, առողջապահությունը, վտանգների նկատմամբ խոցելիությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը կրթության ոլորտի վրա:
  • Պետական ծախսերի և մակրոտնտեսական վերլուծություն. Պետական եկամուտների, կառավարության բյուջեի և կրթությանն ուղղվող ծախսերի հետազոտություն:
  • Քաղաքական-ինստիտուցիոնալ մակրոմակարդակի համատեքստի վերլուծություն. Քաղաքական և ինստիտուցիոնալ կառուցվածքների ազդեցության գնահատում կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա:
  • Ընդգրկվածության և ծածկույթի ուսումնասիրություն. Դպրոցական և նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածության ներկա վիճակի վերլուծություն, բացերի և մարտահրավերների բացահայտում:
  • Ներքին արդյունավետության վերլուծություն. Դպրոցների ներքին գործընթացների հետազոտություն՝ կենտրոնանալով սոցիալական հավասարության վրա:
  • Կրթական ազդեցության վերլուծություն. Դպրոցական և նախադպրոցական կրթության ազդեցության գնահատում ազգային տնտեսական և մարդկային զարգացման նպատակների վրա:

Արդյունքները և ազդեցությունը՝

Ծրագրի արդյունքում պատրաստվեց ամբողջական զեկույց, որը ներկայացնում է Հայաստանի կրթության ոլորտի հանգամանալից վերլուծությունը: Հետազոտության առանձնահատուկ ձեռքբերումը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար ժողովրդագրական կանխատեսումներն էին, որոնք հնարավորություն տվեցին կանխատեսել դպրոցահասակ բնակչության սպասվող փոփոխությունները՝ հատուկ շեշտադրելով տարիքային կազմի և աշխարհագրական կուտակումների (կլաստերների) տեղաշարժերը: Բացի այդ, ծրագիրը հետազոտեց կրթության կապը այնպիսի սոցիալական երևույթների հետ, ինչպիսիք են վստահությունը և ակտիվ մասնակցությունը քաղաքացիական գործընթացներին:

Լայն իմաստով՝ ծրագրի զեկույցը դարձավ առանցքային գործիք Հայաստանի կառավարության համար՝ «Մինչև 2030 թվականի կրթության զարգացման պետական ծրագիրը» ձևավորելու գործում: Այն քաղաքականություն մշակողներին տրամադրեց տվյալների, վերլուծությունների և պատկերացումների ամուր հիմք՝ օգնելով ստեղծել փաստարկված և հիմնավորված քաղաքականություններ:

Հղում զեկույցին: